Արմեն Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան
armen-sargsyan-galust-gyulbenkyan

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։

Նշելով, որ վերջին անգամ այս հաստատությունում եղել է 15 տարի առաջ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Միշտ էլ հաճելի է ու հպարտ վերադառնալ այս վայր։ Գալուստ Գյուլբենկյանի վաստակն ու բարեսիրական գործունեությունը վերածվել են ուսանելի օրինակի ու փորձառության»։

Հիմնադրամի նախագահ Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։

Արմեն Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաև հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։

*

*