Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 89 տոկոսը. «GALLUP International association»

«GALLUP International association»-ը...
nikol-pashinyan

ՀՀ քաղաքացիների միջև իրականացված հարցումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 89.0 տոկոսը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առավելագույն ցուցանիշը եղել է 85.2 տոկոս:

«GALLUP International association»-ը 2018 թվականի սեպտեմբերի 3-11-ը հետազոտություններ է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում:

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, «Էմ Փի ՋԻ» ՍՊԸի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցվածները եղել են 18 տարեկանից բարձր անձինք:

Նրա խոսքով՝ դեմ առ դեմ իրականացված հետազոտություններին մասնակցել է 1106 հոգի, հետազոտությունների ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս:

Հետազոտությունները ցույց են տվել, որ 1106 հոգուց 89,0 տոկոսը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը, իսկ 6,3 տոկոսը` հավանություն չի տալիս: ՀՀ կառավարության աշխատանքը 62,4 տոկոսը հավանության է արժանացրել, իսկ 26,2 տոկոսը` հավանություն չի տալիս:

«Ազգային ժողովի գործունեությունը ժողովրդի 24.4 տոկոսը գնահատել է լավ, իսկ ՀՀ նախագահինը՝ 76.0 տոկոսը: Առանձին նախարարների գործունեությունը հարցված քաղաքացիները գնահատել են 1-5 բալային համակարգով: «Գերազանցիկների» շարքում 5 հոգի է՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 4.35 բալ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ 4.39, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 4.09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ 4.1 բալ»,- ընդգծեց Նավասարդյանը։

Նա շեշտեց, որ նախարարներից ամենացածր գնահատականը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3.37 բալ։

«Հարցվածների 21,4 տոկոսը նշել է, որ լիովին բավարարված է իր կյանքով, ավելի շուտ բավարարված է 46,3 տոկոսը, ավելի շուտ բավարարված չեն 17,9 տոկոսը և 14 տոկոսն ընդհանրապես բավարարված չէ: 2017 թվականի նոյեմբերին լիովին բավարարված եղել է 15,5 տոկոսը, այսինքն` այս տարի գրանցվել է 5,9 տոկոս աճ: Երկրի ներկա տնտեսական վիճակի վերաբերյալ կարծիքը զգալիորեն տարբերվում է նախորդ տարվա նոյեմբերին անցկացված հարցումներից (սրանք այն պատկերացումներն են, որոնք ունեն մեր քաղաքացիները). լավ է գնահատել 46,7 տոկոսը, որը 20,4 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի նոյեմբերին: Հանրապետությունում հարցվածների 13,5 տոկոսը կարծում է, որ մեկ տարի անց կսկսի զգալիորեն ավելի լավ ապրել, քան ներկայում, իսկ 47,5 տոկոսը` որոշ չափով լավ: 3,4 տոկոսի կարծիքով մեկ տարի անց իրենք կապրեն զգալիորեն ավելի վատ»,- հայտնեց Արամ Նավասարդյանը:

*

*