Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներն այսուհետև կկրեն «Շառլ դը Գոլ» անունը

Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները հոկտեմբերի 10-ին դիպլոմներ ստացան
fransiakan-hamalsaran

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները հոկտեմբերի 10-ին դիպլոմներ ստացան և այսուհետև կկրեն «Շառլ դը Գոլ» անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ դիպլոմների հանձնման արարողությունը՝ եղան երաժշտական համարներ, Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության, Ընկերական օգնության հայկական ընկերակցության, բարերար Ռոյ Առաքելյանի կողմից կրթաթոշակների հավաստագրերի, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության գերազանցության կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողություններ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:

«Շնորհավորում եմ ուսանողներին այս կարևոր օրվա կապակցությամբ, ովքեր ստանում են իրենց դիպլոմները: Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է կարևորագույն կրթօջախներից մեկը, որին հասնելու համար շատ բուհեր ջանքեր են գործադրում: Բազմաթիվ ձեռնարկություններում կարելի է հանդիպել հենց այս համալսարանի լավագույն շրջանավարտներին, բացի այդ, բուհը լավ քաղաքացիներ է կրթում»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Ժոնաթան Լաքոտն էլ իր հերթին ընդգծեց, որ իր պաշտոնավարման ընթացքում այնպիսի օր կամ շաբաթ չի եղել, որ գովեստի խոսքեր չլսի Ֆրանսիական համալսարանի, սովորող ուսանողների կամ շրջանավարտների մասին:

Միջոցառման ընթացքում տրամադրվեցին նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականները:

 

 

*

*