«Մի քանի ժամ «Ֆեյսբուքը» չաշխատի, լրատվամիջոցների մոտ խուճապ է առաջանում»․ փորձագետ

«Բավական է մի քանի ժամ «Ֆեյսբուքը» չաշխատի, լրատվամիջոցների մոտ խուճապ է առաջանում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
facebook

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի քաղաքականության փոփոխությունը լուրջ ազդեցություն է թողել մեդիադաշտի լսարանի վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջին շրջանում հայկական մեդիան 15-20 տոկոսով լսարանի կորուստ է ունեցել:

«Այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, սակայն Հայաստանում ավելին է, որովհետև մեզ մոտ մեդիադաշտի մեծ մասը նստած է «Ֆեյսբուքի ասեղի» վրա: Մյուս երկրներում դա դիվերսիֆիկացված է, թրաֆիկը գալիս է մի քանի սոցիալական ցանցերից, սակայն Հայաստանում այդպես չէ: Հետևաբար, ամեն տատանում իր ազդեցությունն է թողնում: Բավական է մի քանի ժամ «Ֆեյսբուքը»  չաշխատի, լրատվամիջոցների մոտ խուճապ է առաջանում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց, որ ստեղծված իրավիճակն ազդում է նաև բիզնեսի վրա: Լրատվամիջոցները մեծ գումար են դնում գովազդի վրա, որ թրաֆիկը վերականգնեն, արդյունքում գովազդի գինն է աճում: Դա էլ իր հերթին հարվածում է փոքր բիզնեսին, որը փորձում է «Ֆեյսբուքում» առաջ տանել:

Մասնագետը կարծում է, որ իրավիճակը կարող է լրատվամիջոցների կողմից շտկվել, եթե էջերի վարման քաղաքականությունը փոխվի:

*

*