«Ծերացնող» FaceApp հավելվածը վտանգավոր է

Մտավախության կա, որ նկարներից բացի՝ ռուսական հավելվածը հասանելիություն է ունեցել այլ անձնական տվյալների
faceapp-cragir

Վերջին օրերին «Ֆեյսբուք»-ում լայն տարածում էր ստացել FaceApp հավելվածը, իսկ այժմ այն կիրառած օգտատերերի համար մտահոգիչ տեղեկություններ կան: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ եւ պաշտոնյաներ երկրների անվտանգությանը եւ մարդկանց անձնական տվյալների գաղտնիությանը սպառնացող հարցեր են բարձրացնում:

Նեյրոնային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիաները թույլ են տալիս հավելվածի միջոցով անվճար խմբագրել ցանկացած նկար՝ փոխելով կադրում հայտնված մարդու սանրվածքը, սեռը, տարիքը, ավելացնել դիմահարդարում կամ դաջվածք:

Տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի օգտատերեր, նաեւ հանրային դեմքեր օգտվել են հիմնականում տարիքը մոտ 50 տարով մեծացնելու գործառույթից: Մտավախության կա, որ նկարներից բացի հավելվածը հասանելիություն է ունեցել այլ անձնական տվյալների, որոնք կարող են հետագայում օգտագործվել առանց օգտատերերի համաձայնության:

Ամերիկյան Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը նամակ է գրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին եւ Առեւտրի դաշնային հանձնաժողովին՝ նշելով, որ ռուսական հավելվածը կարող է սպառնալ գերտերության ազգային անվտանգությանը, հատկապես, եթե հավաքված բոլոր տվյալները հասանելի դառնան ռուսական հատուկ ծառայություններին:

Ընկերությունից հերքում են, որ վաճառում կամ կիսվում են օգտատերերի տվյալներով որեւէ երրորդ կողմի հետ: Ներբեռնված նկարների մեծ մասը, ընկերության պնդմամբ՝ 48 ժամից ջնջվում են սերվերից, իսկ իրենք չունեն հասանելիություն այնպիսի տվյալների, որոնք կարող են օգտագործվել անձի նույնականացման համար:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*