ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին, Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վութովային և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին:
Վահրամ Մկրտչյանի խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» և «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակներում:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին նշել է, որ առաջին ծրագրի շրջանակներում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակիցների համար մշակված տիպային էթիկայի կանոնագրքեր: Բացի այդ, ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը և թափանցիկությունը խթանող հաշվետվությունների առցանց հարթակ:
Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի խոսքով՝ իրականացված երկու ծրագրերի արդյունքում արձանագրվել են լավ արդյունքներ, և ԵԽ-ն պատրաստակամ է լսել ԿԳՆ առաջարկությունները` հետագա համագործակցության վերաբերյալ: