«Եվրատեսիլ»-ի դրոշների քաղաքականությունը փոխվել է. Արցախի դրոշի վերաբերյալ արգելք չի լինի

Մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել թուլացնել դրոշների քաղաքականության խստությունը...
evrotesil-arcakhi-drosh

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն` մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել թուլացնել դրոշների քաղաքականության խստությունը և թույլատրել ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշների մասնակցությունը ևս:

Նախապես թույլատրված են եղել ՄԱԿ-ի անդամ երկրների, ԵՄ-ի և ծիածանի գույներով դրոշները:

Եվրոպական հեռարձակողների միությունը նաև առաջարկել է ավելի հանդուրժողական մոտեցում այլ դրոշների նկատմամբ, քանի դեռ հանդիսատեսը կհարգի մրցույթի ոչ քաղաքական բնույթն ու դիտավորյալ չի փորձի դրոշներով փակել տեսախցիկների տեսարանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա դրոշների քաղաքականության համաձայն Արցախի դրոշը արգելված դրոշների ցանկում էր: Ավելի ուշ Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել  բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը:

*

*