Էստոնիայի հայազգի քաղաքացուն Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել երկիր

Վերջինս պաշտոնապես ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր եւ էստոնական պատվիրակության հետ մեկնել էր Բաքու:
baqu-odanavakayan

Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, որը մարտի 23-ին մեկնել էր Ադրբեջան` մանկավարժների միջազգային գիտաժողովին մասնակցելու համար: Այս մասին Օգանեսյանը տեղեկացրել է ֆեսբուքյան գրառման միջոցով:

Վերջինս պաշտոնապես ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր եւ էստոնական պատվիրակության հետ մեկնել էր Բաքու: Սակայն Կարինեի՝ օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները նկատել են նրա հայկական ծագումը եւ չեն թողել մուտք գործել Ադրբեջան: 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո նրան Էստոնիա են ուղարկել:

Կատարվածի առնչությամբ Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը: «Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ: Հուսով եմ՝ էստոնական կողմը հետեւություններ կանի եւ համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը: Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է եւ Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է»-ասել է դեսպանը:

*

*