Երթևեկության խախտումների բալային համակարգի անցնելուց հետո տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով

Առավելագույն տուգանքի չափը, ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, լինելու է 29 հազար դրամ
yertevekutyun

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի անցնելուց հետո կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:

«Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը, ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, լինելու է 29 հազար դրամ: Նրա խոսքով` այս փոփոխության միջոցով կբարձրանա երթևեկության անվտանգության մակարդակը:

«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը»,- նշեց պատգամավորը:

Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի ընդունումից 6 ամիս անց:

 

*

*