Տարիները չեն խլացնում աղետի ձայնը

Ոչինչ չի կարող ավերակների լռությունից ավելի խոսուն լինել...
erkrasharj (1)

«Ուժեղ դղրդոց լսվեց, կարծես  ամբողջ տունը դեպի ինձ էր գալիս, ու էլ բան չեմ հիշում, աչքերս բացեցի, տեսա շուրջս ամեն ինչ փլվել է: Մի լույս էր երևում միայն, լույսի ուղղությամբ դուրս եկա մի քանի վայրկյան հետո ցնցումները կրկնվեցին, մեկ վայրկյանի տարբերությամբ ողջ մնացի»:

Մեկ վայրկյանն ու դրան հաջորդող տարիների տառապանքների, կորուստների դեմ անզոր է անգամ ամենահզորը թվացող ժամանակը: 29 տարի անց արդեն հազարավոր անգամներ այս դեպքերը հիշելիս և պատմելիս Մանուշ Դավթյանը նույն ցնցումները ներսից է ապրում, նրա կյանքն էլ շատերի նման բաժանվեց՝ երկրաշարժից առաջ և հետո-ի: Երկուսի միջակայքում դեռևս պայքարում է կայունության, երջանկության հասնելու համար՝ լավատեսությունը միշտ աչքի առաջ ունենալով:

«Տարիները չեն ջնջում հետքերը, միշտ աչքիս առաջ է մեր տան դիմաց գտնվող հիվանդանոցը ու երեխաներին գրկած այնտեղ վազող մարդիկ, ովքեր չէին պատկերացնում, որ հիվանդանոցն էլ է քանդվել, չէին հասկանում` ինչ է կատարվում»:

Այդ օրերը ապրած  Արև տատիկն էլ փաստում է, որ տարիները բթացնում են զգացողությունները, սակայն ցավը չի մեղմանում:

«Իմ աչքի առջևից երբևէ չի ջնջվում այն ցավալի տեսարաններն ու ապրումները, որոնք իր հետ երկրաշարժը բերեց: Քանդված ինստիտուտը, ուսանողները, անտանելի է անգամ հիշելը»,-ասում է Արև տատիկը, ով  նույնպես երջանիկ պատահականությամբ այժմ ողջ է, սակայն հենց ասում ես երկրաշարժ՝ նրա աչքերի առաջ այդ օրը իրենց դասը կիսատ թողած ուսանողների պատկերներն են՝ քանդված ինստիտուտի պատերի տակ:

Արմենուհի Պետրոսյանի քանդված տունը այդպես էլ չվերականգնվեց, ավելի ճիշտ՝ վերականգնող չկար: Ընտանիքի անդամներից միայն ինքն է փրկվել, մինչև այժմ տնակում է ապրում, հույսը, որ առանց հարազատների կգտնի հոգևոր ներդաշնակությունը, արդեն վաղուց կորցրել է, սակայն սպասում է՝ գոնե մի օր կապրի մարդավայել բնակարանում, փոքր-ինչ աչքերի առջևից ջնջելով աղետի տեսարանները:

Տարիները, իսկապես չեն խլացնում աղետի ձայնը: Եթե ավերակները շուտ վերացվեին, չլինեին տնակներում ապրող ու իրենց բնակարանին շուրջ 30 տարի սպասող մարդիկ, գուց ամեն ինչ մի փոքր այլ լիներ: Սակայն հիմա փորձիր մեկ անգամ այցելել Գյումրի և կտեսնես ինչպես է քաղաքը մանրամասն պատմում իր վերքի մասին: Ոչինչ չի կարող ավերակների լռությունից ավելի խոսուն լինել: Իսկ լավատեսության, առաջընթացի լավագույն օրինակը իր բարձրությունից, տեղից ընկած, բայց այդպես էլ կանգուն եկեղեցու գմբեթն է:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*