Երջանկության մասին մտածողները երջանիկ չեն լինում

Զարմանում էր՝ ինչպե՞ս են մարդիկ հույսը դնում ցավի ողորմածության վրա
bajak

Օրը սովորականի պես զարթուցիչի ձայնով սկսվեց:  Անկողնուց բաժանվելու համար ինքն  իրեն երեսուն րոպե ժամանակ տվեց: Երեսուն  րոպե՝ ապրելու հիմնավորումներ գտնելու  համար:  Երեսուն րոպեով, իհարկե, չէր սահմանափակվի: Եթե նույնիսկ առավոտյան  հինգին լիներ վերկացի ժամը,  չէր զլանա ու կարթնանար չորսին: Սիրում էր սուրճի բաժակը ձեռքն առնել ու մտածել: Հիշողությունների գիրկն ընկնել չէր սիրում, յուրահատուկ պաշտպանողական մեխանիզմ ուներ. անցյալով չէր ապրում: Իր մտքերում միշտ ապագան էր:   Իրերից, սովորություններից ու հատկապես մարդկանցից հրաժարվել  չէր սիրում: Եթե նույնիսկ ներկայում երջանիկ էր, մտածում էր՝ ինչպես այն ապագա տեղափոխել. ամենամեծ վախն ունեցածը կորցնելն էր:

Այդ առավոտ արթնացել էր հենց կորստի զգացումով: Երեսուն  րոպեն քիչ էր: Այդ առավոտ միայն մտածել էր պետք, երազանքներ չկային, ինչպե՞ս գտնել նորերը՝ չգիտեր: Դեռ փոքրուց ցավին չէր դիմանում, շատ լավ գիտեր՝ որ ցավի դեպքում ինչ դեղահաբ ընդունել: Զարմանում էր՝ ինչպե՞ս են մարդիկ հույսը դնում ցավի ողորմածության վրա: Եթե որեւէ ներքին օրգան ցավար, հստակ չէր կարող ցավը նկարագրել, իսկ այս մեկի ախտանիշները լավ գիտեր. սիրտը կոկորդով էր  զգում, իսկ երբեմն ինքն իրեն հիշեցնում էր շնչելու մասին:  Այդ առավոտ ցուրտը ոսկորներով էր զգում, մրսում էին նույնիսկ բաժակը գրկած մատների ծայրերը. երանի կարողանար սուրճը վերմակի տակ խմել, բայց չէր կարող. շնչելը մոռանում էր:

Երեսուն րոպեն դարձավ քառասունհինգ, հետո՝ մի ամբողջ ժամ: Բայց այդ առավոտ նա վերկացավ անկողնուց, վերկացավ ու ապրեց: Չէր հասկանում՝ օրերն ինչպես էին անցնում, բայց հասկացավ՝ գորշ օրերն էլ ապրելու համար են:

Ու հաճախ երթուղայինի մեջ միաձուլված ամբոխի արանքից կարելի էր նկատել նրա խամրած աչքերը՝  ոչինչ չասող,  հառված մի կետի ու չերազող, բայց կարեւորը՝ աչքերը թարթում էր, երբեմն նաեւ փակում հոգնածությունից: Իսկ երբեմն կարելի էր լսել նաեւ անզուսպ ծիծաղը՝ հոգուն չհասնող, հոգին չջերմացնող, բայց կարեւորը՝ ապրելու  նշան էր:

Գիտեր, որ մարդն իր տեսակով հարմարվող է, ու ինքն էլ հարմարվեց. հասկացավ, որ փողոցներում կարելի է միայնակ թափառել,  իր սուրճի ընկերն էլ կարող է հենց ինքը լինել, իսկ տոմսարկղերում տոմսերը նաեւ  հատով են վաճառում:

Մի սովորությունից էլ հրաժարվեց՝  երազելուց, քանի որ դա էլ հասկացավ. երջանկության մասին երկար մտածողները երջանիկ չեն լինում:

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*