Գյումրիում չկոնֆերանս էր

...իսկ երեկոյան երիտասարդներն իրենց երազների թռչող լապտերները կարձակեն երկինք
gyumri-chkonferans

Գյումրիում երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց ոչ ֆորմալ՝ չկոնֆերանսով: Օրվա ընթացքում չկոնֆերանսին երիտասարդության վերաբերյալ ցանկացած բաց զեկույց ու քննարկում խրախուսվում է՝ չկա ո՛չ տարիքային, ո՛չ թեմատիկ սահմանափակում: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող ոչ ֆորմալ հավաքն ընթանում է է միաժամանակ մի քանի լսարաններում՝ հնարավորություն տալով շատերին խոսել իրենց թեմաների շուրջ, իսկ թեմաները բազմազան են ու տարբեր ձևաչափերով ՝ «Մի կերեք զեֆիր», «Սովորել, ինչպես սովորել», «Աշխատել 4 ժամ և գումար վաստակել», «Ինչպես լինել պահանջված մասնագետ» և այլն:

Տոնական միջոցառումների շրջանակում, Գյումրու թատերական հրապարակում շուրջ 100 երիտասարդի մասնակցությամբ տեղի կունենա պարային ֆլեշ մոբ: Կլինի նաև բացօթյա համերգ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, որի ընթացքում լինելու է երգի և Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթների արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն, իսկ երեկոյան 21:00-ին երիտասարդներն իրենց երազների թռչող լապտերները կարձակեն երկինք՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը:

1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդների միջազգային օր և աշխարհում առաջին անգամ պաշտոնապես այն նշվում է 2000 թվականից:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2015 թվականին առաջին անգամ տոնը նշվեց Գյումրիում:

*

*