Երեխաներին հոգեբանորեն ավելի շատ են ճնշում, քան ֆիզիկապես

Ամփոփվեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային խորհրդաժողովը
erexa

Այսօր Երևանում ամփոփվեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի՝ երեխայի իրավունքի ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմեններ: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:

Խորհրդաժողովը մեկնարկեց երեկ, որի ընթացքում ողջույնի խոսքով  հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա ՍամարջիչՄարկովիչը: Ներկայացվել են երեխաների իրավունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Համաձայն պաշտոնական տվյալների, հաստատություններում մշտապես բնակվող երեխաների 80-90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և այնտեղ է հայտնվել հաշմանդամության կամ աղքատության և այլ խոցելիությունների հետևանքով, որոնք ընտանիքների համար դժվարացնում են երեխայի խնամքը։ Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք՝ լինի դա հաշմանդամություն ունեցող, թե՝ ոչ։

2016 թվականի մայիսի դրությամբ՝ պետական մանկատներում ապրող 670 երեխաներից մոտ 470-ը հաշմանդամություն ուներ։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2015թ.-ի տվյալների, Հայաստանում՝

  • 1-14 տարեկան տասը երեխաներից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերին  ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի:
  • Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը. երեխաների 2/3-րդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի:
  • Բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ:
  • Մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:
  • Դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) և գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում:
  • Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 տոկոս): Եվ հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:

Նշենք, որ խորհրդաժողովին ներկա էին մասնակիցներ Մոնտենեգրոյից, Խորվաթիայից, Լիտվայից, Մալթայից, Նորվեգիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից և Ղրղզստանից:  Փորձի փոխանակումից զատ մասնակիցները  այցելեցին երեխայի խնամքի հաստատություններ՝ ծանոթանալու պայմաններին և վերակազմավորման հեռանկարներին:

*

*