«Երեխային խրախուսելն ավելի լավ մեթոդ է, քան պատժելը». Հոգեբան՝ երեխայի դաստիարակության մասին

Հոգեբան Սամվել Խուդոյանը խոսել է երեխային դաստիարակելու արդյունավետ մեթոդների մասին:
ереkhа

Պատժի վրա հիմնված դաստիարակությունը իրականացնող ծնողներին երեխաները ատում են  և, որպես կանոն, իրենք էլ են դառնում ագրեսիվ: Երեխային դաստիրակելիս հարկավոր է խուսափել նաև գերխնամքից: Հոգեբան Սամվել Խուդոյանը խոսել է երեխային դաստիարակելու արդյունավետ մեթոդների մասին: Հոգեբան Սամվել Խուդոյանն այն կարծիքին է, որ երեխային պատժելը խոչընդոտում է երեխայի անձի ձևավորմանը:

«Հայաստանում նույնիսկ մասնագետ է եղել, որ ծնողին խորհուրդ է տվել փակել երեխային նկուղում և միայն հաց ու ջուր տալ, ինչի հետևանքով երեխայի մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել»,-նշեց հոգեբանը:

Ըստ հոգեբանի՝ դաստիարակության լավագույն միջոց են համարվում խրախուսանքը և վատ արարքների մասին խոսելը: Սա ավելի արդյունավետ է, քան հարվածելը: Շատ ժամանակ երեխաները հատուկ անում են այնպիսի բաներ ինչ իրենց արգելում են: Սա կարելի է օգտագործել իրենց դեմ:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ առավել արդյունավետ մեթոդն անուղղակի դաստիարակությունն է, ուղղակի դաստիարակությունն առավել սարսափելի է»,-նշեց Խուդոյանը:

Հոգեբանի խոսքով՝ երեխայի առողջության վրա բացասական ազդեցություն է թողնում նաև գերխնամքի մեթոդը, ինչն առավել հաճախ հանդիպում է  շիզոֆրենիայով հիվանդ երեխաների մոտ: «Տասնութ տարեկան պատանու ձեռքից բռնած մայթ են անցկացնում: Նման կարգի մարդկանց մոտ ինքնուրույնությունը խեղդվում է, «ես»-ի հաստատման շրջանում այն չի ձևավորվում: Գերխնամքի դաստիարակության ոճը  բնորոշ է շիզոֆրենիայով տառապող երեխաների մայրերին, այդ տեսակը կոչվում է շիզոֆրենիային նպաստող մայրեր: Բարձիթողի դաստիարակությունը, որը, երբեմն, կոչում են լիբերալ դաստիարակություն, այդքան սարսափելի չի, քան գերխնամքը: Ավելի լավ է բարձիթողի  վիճակում լինի և երեխային հայտնես քո վստահության մասին, որ ինքը սխալներ թույլ չի տա, քան ենթարկես գերխնամքի»-ասաց նա:

Խուդոյանը  նշեց նաև, որ շատ հաճախ մոր զգացմունքներն ու ապրումները չեն համապատասխանում նրա վարքին: Նա կարող է սառը տոնով քնքշական բառեր օգտագործել, սակայն երեխան դա շատ լավ զգում է:

Հոգեբանը նկատեց, որ հայ ծնողներին ավելի շատ բնորոշ է մեղմ ավտորիտար ոճը, որը համարյա հավասար է գերխնամքին։

«Մեր ընտանիքներում շատ ես հանդիպում գերխնամքին, նրանց կարելի  է անվանել  «սուպեր մայրիկ», այդ պատճառով էլ հայ երեխաներն ուշ են հասունանում: Քառասուն տարեկան մարդու գրպանը հայրը փող  է դնում և ասում՝ շուտ տուն կգնաս»,– ասաց նա:

*

*