«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով

Գալահամերգն ուղեկցվել է օրվան համահունչ երևանյան սիրված կատարումներով․․․

Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկած 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: Հազարավոր երևանցիներ, քաղաքի հյուրեր, օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետն ու աշխատակազմը մասնակիցն են դարձել տոնական երեկոյի եզրափակիչ գալահամերգի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով բոլորին Երևանի 2800-ամյակի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է.

«Սիրելի երևանցիներ, մեր մայրաքաղաքն այսօր դարձավ 2800 տարեկան: Ինձ համար մեծագույն պատիվ է այս պատմական օրը կանգնած լինել ձեր առջև և ներկայացնել Երևանը, ներկայացնել ձեզ:  Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք: Ես բազմիցս նշել եմ, որ երևանցի են բոլոր նրանք, ովքեր Երևանը համարում են իրենց հարազատ վայրը: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է: Ես հպարտ եմ, որ երևանցի եմ, հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ այսօր նշում ենք մեր հինավուրց քաղաքի 2800-րդ հոբելյանը:

Հարգելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ համայն հայությանն ու ասում՝ սիրում եմ քեզ, Երևա՛ն»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարության:

Գալահամերգն ուղեկցվել է օրվան համահունչ երևանյան սիրված կատարումներով, պատմական անդրադարձով ու բեմականացումներով: Հոբելյանական երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

*

*