Եկել եմ քո երաժշտության մեջ՝ իմ հետևից

Դու ամենուր ես, քեզ հետ իմ երկրորդ ես-ը՝ խենթ, չվախեցող, երեխա…
dashnamur-terev

Բոլոր մարդիկ ունեն իրենց երաժշտությունը, նրանք հեռանում են ՝ շրջապատին ընդմիշտ նվիրելով իրենց թողած հնչյունները:  Բնավորությունը, ապրած վայրկյանները նուրբ թելերով հյուսում են երաժշտության ամեն մի մասնիկը: Այդ երաժշտության հետ լսելի է միայն լռությունը՝ պերճախոս, զուսպ, խորհրդավոր, ամեն ինչ ասող, ամեն բան պահող լռությունը:

Երաժշտությունը հնչում է ամենուր, որտեղ  նրանց ներկայությունը թեկուզ մեկ վայրկյան զգացել ենք: Այն երբեք չի կորչում, չի անէանում, այն կա, հավետ է, գույն ունի:

Այսօր թողած ամեն ինչ՝ տարիների հեռվից եկել եմ լսելու, ինձ կարոտած փնտրելու ու գտնելու քո երաժշտության մեջ: Եկել եմ վայելելու ամեն մի հնչյունը, սահելու բնության մեջ, քամիների հետ պարող տերևներից անխնա պոկելու քո թողած հնչյունների ամեն մի մասնիկը: Եկել եմ օդից շնչելու, գետերի հոսքից հանելու քո ամեն մի շարժումը:

Լսում եմ, զգում եմ ներկայությունդ, տեսնում ինձ՝ ինձնից այդքան հեռու: Դու ամենուր ես, քեզ հետ իմ երկրորդ ես-ը՝ խենթ, չվախեցող, երեխա… Եկել եմ քո երաժշտության մեջ՝ ինձ կարոտած:

Շուտով առանց հետ նայելու կգնամ խառնվելու մարդկանց հոսքին, ժամանակի ընթացքին: Ու երբ հանկարծ չգտնեմ ինձ, կորցնեմ ու անհետանամ կյանքի վայրէջքներում, կրկին կգամ քո երաժշտության մեջ՝ իմ հետևից: Կզրուցենք լուռ, կխոսենք երբեք չօգտագործված բառերով ու թողած ինձ քեզ՝ կհեռանամ ինքնահաշտ՝  կյանքով կրկին տարվելու:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*