ԵՊՀ-ի լավագույն ուսանողներն այս տարի առաջնագիծ մեկնածներն են

Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Ուսանող 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը

Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Ուսանող 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Ուսխորհուրդը լավագույններին ընտրելիս հաշվի չի առել բարձր առաջադիմությունը եւ ուսանողական ակտիվ գործունեությունը:

Մայր բուհի 2016 թվականի լավագույն ուսանողներն ապրիլին Արցախ՝ առաջնագիծ կամավոր մեկնած տղաներն են: Ավելի քան կես տարի, պետհամալսարանում գործում է «Մարտական ակումբ», որտեղ ծառայած համալսարանականները դեռ չծառայածներին զինվորական գիտելիքներ են փոխանցում: Միայն այս ակումբից Արցախ մեկնալու համար մոտ 300 ուսանող է որպես կամավոր անդամագրվել՝ այդ թվում նաեւ աղջիկներ: Առաջնագիծ մեկնել է 40-ը: Այսօր նրանց Մայր բուհը պարգեւատրել է ուսանողական խորհրդի արծաթե մեդալով:

«Եթե կլինեն ուսանողներ, ովքեր եղել են առաջնագծում, անպայման նրանք էլ պարգեւատրվելու են, որովհետեւ ներկա պահին ես գիտեմ ուսանողների, ովքեր առաջնագծում են»,- նշեց Ուսխորհրդի նախագահ  Ռաֆֆի Քարամյանը:

«Կցանկանայի մասնակցել նաեւ մարտական գործողությունների, բայց մեզ բախտ չվիճակվեց, մենք ռեզերվի վիճակում սպաասում էինք: Այնտեղ կային տարիքով մեծ ֆիդայիներ, եւ այդ մարդկանց հետ շփումը մեզ շատ բան տվեց, մենք իրոք շատ ոգեւորված էինք. մեծերը՝ մեզնով, մենք՝ մեծերով»,- ավելացրեց ուսանող Մհեր Օթարյան:

*

*