ԵՊՀ-ն այօրվա դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Այսօր 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներխուժել են ԵՊՀ տարածք
eph-hamalsaran2

Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն, բարեբախտաբար, հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։ Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով  պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։ Հասկանալով, որ իրավիճակը
կարող է անկառավարելի դառնալ ԵՊՀ անվտանգության աշխատակիցները փակել են
մասնաշենքերի դռները, սակայն ակցիայի մասնակիցներին սկզբում հաջողվել է մտնել Քիմիական ֆակուլտետ և մասնաշենքի ներսում բարձրախոսներով ու թմբուկներով խաթարել բնականոն գործունեությունը։

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ներկայացուցչին ասել է, որ ուզում է հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով, իմանալով ԵՊՀ տարածքում տեղի ունեցող գործողությունների մասին, կիսատ է թողել հեռուսաեթերը և վերադարձել է իր աշխատասենյակ։ Հանդիպման առաջարկը պարոն Ա. Սիմոնյանը ընդունել է՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակ պետք է բարձրանա մենակ։ Փաշինյանը սկզբում մերժել է առաջարկը, ապա ասել, որ համաձայն է, սակայն ներս մտնելու ժամանակ ԱԺ պատգամավորի կողմնակիցները ջարդելով Կենտրոնական մասնաշենքի բռնակը, անվտանգության աշխատակցի մատը և նույնիսկ ոտքի տակ
տալով իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ներխուժել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։

Ակցիայի մասնակիցները, թմբուկ խփելով, գոռալով և քաղաքական կոչեր հնչեցնելով, բարձրացել են 5–րդ հարկ։ Ռեկտորի աշխատասենյակի նախասրահի միջանցքում Նիկոլ Փաշինյանը նորից է կրկնել Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու իր ցանկությունը, սակայն ստացել է նույն պատասխանը. հանդիպումը կարող է լինել միայն առանձնազրույց։ Ստանալով մերժում, քանի որ ակցիայի
մասնակիցները լիովին անկառավարելի էին դարձել, Նիկոլ Փաշինյանը հեռացել է։

                                                                                                Երևանի պետական համալսարան

*

*