Լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ հայուհու սիրո պատմությունն. ամեն ինչ սկսվեց Տաթեւում

Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր...
exxv-pesa

Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր եւ նրա հայ հարսնացուն՝ Տաթեւ Մանուկյանը, որն ապրում է Բելգիայում: Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում: Որոշ ժամանակ անց  տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolent Union-Հայկական բարեգործական ընդհանուր միություն-հեղ.): Նրանց սիրո պատմությունը, որի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չէին, անտարբեր չթողեց շատերին: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում լյուքսեմբուրգցի փեսացուն եւ հայազգի հարսնացուն ներկայացրին իրենց սիրո պատմությունը՝ Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւ հարսանիքի նախապատրաստում:

Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ եւ ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:

Ֆ. Էնգել -Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանել մի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն-Ասիա գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճ ճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ-Ուլան Բատոր թռիչքի ժամանակ խնդիրներ առաջացան, եւ մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղեւորներին խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից: Վատն այն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորում եղանակային պայմանները շատ վատն են, եւ չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ:  Ինձ ուրիշ բան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցի թռիչք դեպի Երեւան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես եւ Տաթեւը պատահական հայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթեւի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապես հրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթեւների (հարսնացուիս և վանքի) խորհրդավոր գեղեցկությունը անչափ համահունչ էին:

Տ. Մանուկյան- Այո, դա փաստորեն ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր՝ ապրիլի երկրորդ կեսը, երբ ես Հայաստան էի եկել 10 օրով:  Իմ և Ֆրանկի ընդհանուր ընկերոջը խնդրել էի ինձ տանել Տաթեւի վանքը տեսնելու, ու Ֆրանկի հետ նույն մեքենայում հայտնվելուց հետո պարզեցի, որ Ֆրանկն էլ իր հերթին մինչ իր Հայաստան գալը նույն խնդրանքով էր դիմել հենց նույն մարդուն, ով չէր վարանել երկուսիս նույն մեքենայով Տաթև ուղարկելու հարցում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Խոսելով միջմշակութային երկխոսության վերաբերյալ՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք  հասցրել անել միմյանց մասին որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ֆ. Էնգել-Չգիտեմ՝ արդյոք Լյուքսեմբուրգի ամենատիպիկ ներկայացուցիչն եմ, բայց ամեն դեպքում, Տաթեւ, ի՞նչ ես բացահայտել: Իրականում, Տաթևը Լյուքսեմբուրգում չէր էլ եղել:

Տ. Մանուկյան-Իսկապես, Լյուքսեմբուրգում չէի եղել: Այն ինձ համար ամբողջովին մի նոր բացահայտում էր՝ մարդիկ, երկիրը, արդեն իսկ սկսել եմ լյուքսեմբուրգերեն սովորել: Նույնը հաստատ չեմ կարող ասել Ֆրանկի մասին, որովհետեւ նա նույնիսկ առավել քան բացահայտել է Հայաստանը: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես քեզ պետք է տանեմ, ու դու քո հայրենիքը պետք է տեսնես ու ծայրից ծայր ճանաչես»: Հայաստանում ու Արցախում 2 շաբաթում 2500 կիլոմետր մեքենայով պտտվեցինք՝ հայաստանյան ու արցախյան հյուսիսն ու հարավը ոտնատակ տալով. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, Մարտակերտից մինչև Հադրութ: Ինձ հաճախ հարցնում են. «Ֆրանկին Հայաստանը ցույց տվեցի՞ր», ժպտալով ասում եմ, թե, այո, Ֆրանկն ինձ Հայաստանը ցույց տվեց:

Ֆ. Էնգել-Ի դեպ, սպիտակ նիվայով. այն, ինչ պետք է յուրաքանչյուր հայ տղան անի (ծիծաղում են-հեղ.): Այո, հայ կնոջը ժամադրելը մի փոքր ավելի կառուցողական մոտեցում է պահանջում, քան այլ ազգի ներկայացուցչին, բայց կարող եմ ասել, որ Տաթեւը մարդու այն տեսակն է, ով լիովին համապատասխանում է ինձ:

Ի՞նչ կասեք լեզվի հետ կապված խնդիրների մասին, եթե, իհարկե, դրանք կան: 

Ֆ. Էնգել-Մի փոքր ժամանակի կարիք կա, որ ես կարողանամ ավարտել իմ հայերենի դասերը եւ բերել լեզվաիմացությունս նորմալ մակարդակի: Հայերենը ամենահեշտ լեզուներից չէ, որի դեպքում կարելի է գոնե ինչ-որ նմանություններ գտնել իմ իմացած լեզուների հետ: Դե, մեր շփման լեզուն անգլերենն է: Բելգիայում նաեւ հոլանդերեն ենք խոսում, Տաթեւի ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու համար դա ավելի հարմար է:

Տ. Մանուկյան-Ես պարզապես երբեմն ասում եմ ՝ եթե դու ուզում ես ապագայում հասկանալ քո երեխաներին, ապա պետք է սովորես հայերեն: Մեր ընդհանուր լեզուներն են անգլերենը, հոլանդերենը եւ ֆրանսերենը, իսկ հայերենն ու լյուքսեմբուրգերենը դեռ ճանապարհին են:

Շարունակությունն՝ այստեղ

*

*