ԵՄ-ն ՀՀ երեք մարզերում իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ...
pyotr-svitalski

Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս մասին հունիսի 16-ին Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված է ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝ Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,- նշեց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո գումարի շրջանակներում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք մեծ հույս ենք կապում այս երեք մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների տեսանելի լինելու համար, ուստի, պետք է համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝ Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

 

*

*