Եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով խումբը սկսել է աշխատանքը

...անդրանիկ նիստը նախագահել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետը
garegin-katoxikos-nikol-pashinyan2

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, անդրանիկ նիստը նախագահել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել  աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին, ապա նշել, որ քննարկումների ընթացքում նկատի պիտի առնվեն ելակետային որոշ իրողություններ ու դիտարկումներ։ Դրանք են.

  1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ: Տարբեր երկրների, այդ թվում նաև եվրոպական մի շարք պետությունների կրոնական օրենսդրությունների ուսումնասիրությունը և փորձը փաստում են, որ տվյալ երկրի ու ժողովրդի պատմության մեջ մեծ դեր ունեցած կրոնական հաստատության առանձնահատուկ կարգավիճակը որևէ ձևով չի ենթադրում խտրականություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
  2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում:
  3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս:

garegin-katoxikos-nikol-pashinyan33

*

*