«Ցիկլոնն ակտիվ կլինի հատկապես ապրիլի 3-ին»․ Սուրենյան

Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է
eghanak-andzrev

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է։

«Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ։

Տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական նորմայի 110-150 տոկոսը։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը «Արագած» բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 256 սմ, Որոտանի լեռնանցքում՝ 102 սմ, Ամբերդում՝ 95 սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50 սմ։ Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածներում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս։ 

Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, սակայն այն տարբերությամբ, որ այն կունենա ակտիվացման և թուլացման փուլեր։ Ցիկլոնն ակտիվ կլինի հատկապես ապրիլի 3-ին, երբ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ուժեղ։  Ապրիլի 1-2-ին, 4-6-ին տեղումները կլինեն համեմատաբար ավելի կարճատև բնույթի, այսինքն՝ ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ կլինի նաև արևի առկայություն։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։ Գյուղատնտեսներին հիշեցնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում»,- գրել է Սուրենյանը։

*

*