Գիշերային ջերմաստիճանը թռիչքաձև կբարձրանա, Ամանորը կդիմավորենք առանց ձյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է․․․
teghumner-dadarel-eghanak

Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայում հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև լեռնային շրջաններում ձնածածկութը բացակայում է: Նույնիսկ այն հատվածներում, որոնք ծովի մակերևույթից  2400 մ բարձր են, Ղուկասյանում, Աշոցքում և այլն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 28-ից սկսած հանրապետությունում տաք օդային հոսանքի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ ներթափանցում է Իրաքից, Սիրիայից: Երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է` Կապանում հասնելով +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում` Իջևանում, Բագրատաշենում` +17-ից+18-ի:

«Այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում,  մայրաքաղաքում` +12-ից +14 աստիճանի: Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ին Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Տեղումները հիմնականում լինելու են անձրևի տեսքով»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Քանի որ ամպելու է, ապա  հունվարի 1-ին գիշերային ջերմաստիճանը թռիչքաձև կբարձրանա: Եթե Արարատյան դաշտում գիշերը նկատվում էր -2-ից -4, ապա արդեն  հունվարի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կդառնա դրական` +4-ից +6 աստիճան: Առաջիկա օրերին ցերեկային ժամերին կրկին կպահպանվի +12-ից +14 աստիճանը:

Մինչև հունվարի 10-ն այս պահի գնահատմամբ որևէ ցուրտ օդային հոսանքի ներթափանցում չի կանխատեսվում: Հունվարի 10-ը ներառյալ այս ամբողջ անոմալ ջերմային ֆոնը պահպանվելու է:

*

*