Էդուարդ Աղաջանյանը՝ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արձակուրդ չգնալու մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հղում է կատարել ԸՕ սահմանադրական օրենքին:
eduard-axajanyan

ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները նախընտրական շրջանում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, եւ ստանալով բացասական պատասխան, լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում»,- գրել է Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հղում է կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքին:

«Օրենքի 91-րդ հոդվածի (Պատգամավորի թեկնածուների կարգավիճակը) 2-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Ինչը նշանակում է, որ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը պետք է գտնվեն չվճարվող արձակուրդի մեջ, ի տարբերություն՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի  պատգամավորների և կառավարության անդամների, որոնց համար սահմանված է բացառություն, որի համաձայն՝ վերջիններս նշված ժամանակահատվածում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Իսկ նման ցանկություն չունենալու դեպքում նրանք կարող են ստանալ օրենքով իրենց հասանելիք արձակուրդը»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 

*

*