Էջմիածնում տեղի է ունեցել Հռոմի պապի Բարիգալստյան արարողությունը

Օդանավակայանում պաշտոնական դիմավորումից հետո երկու Հովվապետերն ուղևորվեցին Սուրբ Էջմիածին:

Օդանավակայանում պաշտոնական դիմավորումից հետո երկու Հովվապետերն ուղևորվեցին Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռում երկու Հայրապետերին դիմավորել է Սուրբ Էջմիածնի միաբանությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը: Այս առիթով հայոց հոգևոր կենտրոն են եկել բազում ուխտավորներ Հայաստանի և Սփյուռքի հայոց թեմերից:

Խորհրդանշական է, որ Սրբազան քահանայապետն էլ ինքն իր ուղևորությունը դեպի Հայաստան հռչակել է ուխտագնացություն` դրանով իսկ ընդգծելով Հայաստանի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը քրիստոնյա աշխարհի պատմության մեջ:

Երկու Հովվապետերը մուտք են գործել Մայր Տաճար, խոնարհվել Իջման Սուրբ Սեղանի առջև` համբուրելով Սուրբ Ավետարանը և Հազարափրկիչ կամ Երնջակի մասունքակիր Սուրբ Խաչը, որի մեջ ամփոփված է մանուկ Քրիստոսի լվացման կոնքից մի հատված:

Երկու Հովվապետերը բարձրացել են Մայր Տաճարի ավագ խորան, որտեղ Ս. Սեղանի առջև ողջագուրվել են` ի նշան եղբայրական սիրո ի Քրիստոս:

Համատեղ սաղմոսասացությունից հետո Ֆրանցիսկոս Պապն ընթերցել է «Ի մէջ տաճարիս» աղոթքը, ապա օրհնել տաճարում ներկա բարեպաշտ հավատավոր ժողովրդին:

Ապա Վեհափառ Հայրապետը և Սրբազան Քահանայապետն ուղերձներով դիմել են հավահացյալներին (Վեհափառ Հայրապետի ուղերձըՍրբազան Քահանայապետի ուղերձը):

Այնուհետեւ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը և Ֆրանցիսկոս Պապը շարժել են դերպի Վեհարան, որտեղ էլ այցի օրերին բնակվելու է Հռոմի պապը։

Այսօր երեկոյան Ֆրանցսիկոս Պապն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

*

*