ԵԱՀԿ ԽՎ նախագահը ափսոսանք է հայտնել երևանյան գրասենյակի հարցում համաձայնության չգալու համար

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ողջունել է տարբեր վայրերում ԵԱՀԿ-ի ներկայությունը․․․
eahk-minski-xumb

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ  Քրիստիան Վիգենինն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ:

«Ցավալի է, որ, չնայած երկարատև ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու և գրասենյակի կարևոր աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցում: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ողջունել է տարբեր վայրերում ԵԱՀԿ-ի ներկայությունը և կոչ է արել տալ գրասենյակներին գործունեության մանդատներ և բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց համար կարևոր ծրագրերը: Բայց, ցավոք, ևս մեկ գործունեության դաշտ փակվում է»,-  ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ  Քրիստիան Վիգենինը շեշտել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ակտիվ մնալու կարևորությունը:

«Հաշվի առնելով անցած տարիների ընթացքում Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումը` երևանյան գրասենյակը խորհրդանշական նշանակություն և մեծ կարևորություն ունի, որը չպետք է փակվի»,- նշել է Վիգենինը: Նա հույս է հայտնել, որ մինչև երևանյան գրասենյակի փակումը միջանկյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել փոխզիջումային լուծման, որպեսզի երկիրը հնարավորություն ստանա օգտվել ԵԱՀԿ գրասենյակի աջակցությունից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները