Քննարկվել են ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված մի շարք հարցեր

Գեղարքունիքի մարզպետն իր դժգոհությունը հայտնեց․․․
sig

Գեղարքունիքի մարզպետարանում հունվարի 11-ին քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության  խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած կառույցների ներկայացուցիչներ,  ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ:

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունը հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման  ընթացքի վերաբերյալ:

«Ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման  ընթացքը, մեղմ ասած,  գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնորսության արգելքը դա ազգային և պարենային անվտանգության խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնորսության ոլորտի կանոնակարգման»,-  դիմելով ներկաներին նշեց   Գեղարքունիքի մարզպետը:

Արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի մասին խոսեցին  ՀՀ ոստիկանության  պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանը և Վարդան Մովսիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, «Սևան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Նրանք հորդորեցին ձկնորսների ներկայացուցչական խմբին՝ մինչև 2019 թվականի հունվարի 20-ը ձեռնպահ մնալ լիճ մտնելուց և խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: Պաշտոնյաները հավաստիացրին ձկնորսներին, որ առաջիկայում կներդրվի արտոնագրային ձկնորսության նոր կարգը, ամեն ինչ կբերվի օրենքի դաշտ, որից կշահեն և ձկնորսները, և պետությունը: Ձկնորսները խոստացան պահպանել սահմանված կարգը՝ ակնկալելով , որ արտոնագրային նոր կարգը հնարավորինս շուտ կդրվի գործողության մեջ:

*

*