Հայտնաբերել են ձկնորսական ցանցերի ապօրինի տեղադրման 3 դեպք

Ավարտվել են 2016թվականի աշնանային ստուգումները:
dzknorsakan-canc

Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են 2016 թվականի աշնանային ստուգումները:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի տարածքում «ՄԱՍՏԵՌ –410» մոտորանավակով իրականացրել են ռեյդային հսկողություն, որի արդյունքում հայտնաբերել են ձկնորսական ցանցերի ապօրինի տեղադրման 3 դեպք: Այս մասին տեղեկացրին Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ Սևանա լճի տարբեր հատվածներից հանվել են 18 հատ տարբեր խորշերով պոլիեթիլենային ձկնորսական ցանցեր, որոնցում հայտնաբերվել է 69 հատ «Սիգ» տեսակի ձուկ: Ձկան այդ քանակը ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հանձնվել է Գավառի մանկատուն և Սևանի թիվ 3  «Հեքիաթ» մանկապարտեզ:

Որսագործիքները հանձնվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ` համապատասխան հանձնաժողովի կողմից  սահմանված կարգով ոչնչացվելու համար:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսու պուրակ» պետական արգելավայր մասնաճյուղում իրականացվել են ֆենոլոգիական դիտարկումներ, անտառպաթոլոգիական հետազոտություններ /մկնանման կրծողների առկայության հայտնաբերում/ և ձնահյուսքից ջարդված ծառերի փայտանյութի հաշվառում:

Շարունակվում է վայրի կենդանատեսակների և թռչնատեսակների վրա եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված արեալների փոփոխությունների  ուսումնասիրությունը:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից  Դիլիջան քաղաքի բնակչությանը  հատկացվել է 346 խմ. քամատապալ ծառերից առաջացած փայտանյութ:  Պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն  իրականացրել են շարունակական անտառպահպանման, ստուգողական աշխատանքներ` ապօրինի ծառահատումների և որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք /ապօրինի 9 ծառահատում/: Կազմվել է անտառխախտման արձանագրություն և վնասի չափը հաշվարկելու նպատակով ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ՀՀ Տավուշի մարզի տարածքային բաժին:

*

*