Դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է ստորագրել, որով արգելվել է 2017 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հրամանում ասված է.
«1. Իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին`
1) մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,
3) կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`
1) կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա,
2) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին»: