Ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխը 25 000 դրամով տնօրինելու որոշումը

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:
aghjik-erekha

Ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25 000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը 2018թ. մարտի  22-ին ուժի մեջ է մտել: Այս մասին տեղեկացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մինչև 2018 թվականի մայիսի  1-ը դիմելու դեպքում 25 000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2018թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2018թ. փետրվարին, մինչև մայիսի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ և ապրիլ ամսվա համար:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:

3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ»:

*

*