Խիստ մտահոգիչ է հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել
dprots-cuyc

Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով: Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ և երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ:  Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից:

Ստացվել են նաև ահազանգեր այն մասին, որ ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից:

Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակով նրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաև առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն:

 

*

*