«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը նոր հուշագրով կգործի մինչեւ 2018-ի տարեվերջ

Կրթության եւ գիտության նախարարությունում հուշագիր է ստորագրվել
dprocakan-snund

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման նպատակով Կրթության եւ գիտության նախարարությունում հուշագիր է ստորագրվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության հետ:

Հուշագրով ծրագիրը կերկարաձգվի մինչեւ 2018 թվականի տարեվերջ: Այս տարի ծրագրի թիրախում է 6 մարզի մոտ 600 դպրոցի նախակրթարաններում եւ տարրական դասարաններում սովորող 60 հազար երեխա: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ Դպրոցական սննդի հիմնադրամի միջոցով իրականացնել դպրոցական սննդի ծրագրի աշխատակազմի գործնական նախապատրաստում, դպրոցների անձնակազմի կարողությունների բարելավում եւ ծրագրի ազգային փուլի ընդլայնում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից՝ ներառելով բոլոր մարզերի տարրական դասարանները:

2014-2015 թվականների ընթացքում Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի բոլոր դպրոցները փոխանցվել են կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի պատասխանատվության տակ: Այս տարի կառավարության ծրագրում կընդգրկվի նաեւ Տավուշի մարզը, իսկ հաջորդ տարի՝ Շիրակը:

Մյուս հինգ մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*