Դպրոցական սննդի ծրագիրը նոր ուստարուց կգործի նաեւ Շիրակի մարզում

Ծրագրի շրջանակում նաև սովորեցնում են երեխաներին, թե ինչ է առողջ սնունդը:
dprocakan-snund

Դպրոցական սննդի միջազգային օրն առաջին անգամ նշվեց նաև Երևանում: Այս առիթով Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցում հյուրընկալվել էր կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

«Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի առաջինից չորրորդ դասարանների բոլոր երեխաները ստանում են սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Հայաստանի կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 3 տարի է՝ Հայաստանի կառավարությունն իրականացնում է «Դպրոցական սննդի ազգային ծրագիրը», որի շրջանակում երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, ամեն օր սնունդ ենք մատակարարում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից կավելանա նաև չորրորդ մարզը»,- ասաց Բագրատ Եսայանը:

Նրա խոսքով՝ շատ անապահով ընտանիքների երեխաների համար սա կարևոր հարցի լուծում է: Ծրագրի շրջանակում նաև սովորեցնում են երեխաներին, թե ինչ է առողջ սնունդը:

bagrat«Մենք դեմ ենք գազավորված և շաքարով հագեցած ըմպելիքների օգտագործմանը: Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում»,- ասաց Բագրատ Եսայանն ու հավելեց, որ ինքը՝ որպես «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն, ջանք է գործադրելու, որ այդ ծրագիրը ներդրվի նաև Երևանի բոլոր դպրոցներում:

«Հույս ունեմ, որ Երևանում այս ծրագրի ներդրվելուց հետո կունենանք շատ ավելի լավ մթնոլորտ, ուսման մակարդակի բարձրացում», — եզրափակեց հիմնադրամի տնօրենը:

Ըստ պետական ծրագրի՝ ներկայումս տաք սննդով ապահովվում են Հայաստանի դպրոցների մինչև 50 տոկոսը:

ՊՀԾ-ի օժանդակությունից օգտվող դպրոցների պարենային զամբյուղը ներառում է 6 տեսակի սնունդ՝ ցորենի ալյուր, բուսական յուղ, լոբազգիներ, մակարոնեղեն, հնդկաձավար և բրինձ:

Կառավարության կողմից հովանավորվող նախագիծն ապահովում է նույն սննդամթերքը՝ ավելացնելով հավի միս և ժամանակ առ ժամանակ հյութեր:

Սննդի զանազանություն ապահովելու նպատակով երկու նախագծերն էլ ներգրավում են ծնողների դրամական և բնաիրային ներդրումներ:

*

*