Բոլորս ունենք դպրոցների պատերից ներս ձևավորված քարացած պատմություններ

Երբ դասի ժամանակ աղջիկ ու տղա էինք նստում...
dproc2

Անկախ ժամանակից՝ ուսուցիչներին հիշում ենք տարիների հեռվից, մեր երեխաների ուսուցիչնե՞րն են, թե՞ սովորում ենք դպրոցում, հասկանում ենք, որ ուսուցիչների դերը մեծ է, ինչ-որ տեղ նաև չգնահատված, չկարևորված, թերացած: Բոլորս ունենք դպրոցների պատերից ներս ձևավորված քարացած պատմություններ, լավ և վատ հիշողություններ, որոնք թվում են միեւնույն սցենարով, բայց տարբեր ժամանակներում տարբեր դերասանների խաղով մատուցված ֆիլմեր:

Անկախ տեղից, ժամանակից, ապրած կյանքից, երբ հարցնում են դպրոցից, ուսուցիչներից բոլորս էլ առանց շունչ քաշելու իրար հետևից կարող ենք թվարկել մեզ դասավանդած ուսուցիչների շարքը՝ մեկին շատ ենք սիրել, առարկան ենք սիրել, մեկը խելացի է մեր տեսանկյունից, մյուսը՝ ոչ այդքան, մեկի գլխին չարաճճի խաղ ենք սարքել, մյուսին դառնությամբ ենք հիշում, մեկը վաղուց չկա, նրա տված դասն է հավերժ, մի անգամ՝ 2, 3, 5 թվանշաններ և դրանց հետ կապված պատմություններ, բարձր գնահատականից տատիկն ամենաշատն էր ուրախացել… հիմա՝ 6, 8, 9, մի քիչ վերապահությամբ ենք նայում. մեր ժամանակվա 5-ը ուրիշ էր…դասարանի գերազանցիկը, ծույլը, անպատասխանատուն, հարուստը, ստախոսը, սիրած աղջիկը, գեղեցիկը, ուժեղը…

Բիզնես փորձագետ,  «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության հիմնադիր Վահե Այվազյանը, ով բազմաթիվ թրեյնինգներ է կազմակերպում նրանց համար, ովքեր ցանկանում են հաջողության հասնել, լավ բիզնես ունենալ, դպրոցից, ուսուցիչներից մի շարք կարևոր խորհուրդներ և դասեր է քաղել, որ իրեն ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում:

«Երբ դասի ժամանակ աղջիկ ու տղա էինք նստում, ուսուցչուհիս բացատրում էր, թե ինչու է այդպես, հորդորում էր մաքուր պահել սեղանը և հասկացնում էր, որ առաջին հերթին պետք է հոգատար լինել  կողքի մարդու նկատմամբ, հետագայում կողքինի նկատմամբ հոգատար լինելը փոխանցվում է կնոջը, ծնողներին, երեխաներին»:

Վահե Այվազյանը նշում է, որ ուսուցիչները սովորեցնում էին՝ նախ իրենք օրինակ ծառայելով:

Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Բալեյանը կարծում է, որ այսօրվա աշակերտն էլ ամենից շատ պահանջ ունի ուսուցչի, որ ոչ միայն գիտելիք, ինֆորմացիա փոխանցող է, այլև կերպար, որից մշտապես կարելի է սովորել.

«Ուսուցիչը օրինակելի պետք է լինի ամեն ինչով՝ մասնագիտական խոր գիտելիքներով, ինտելեկտուալ մակարդակով, քաղաքացիական կեցվածքով, առաջնորդական հատկանիշներով: Պետք  է կարողանալ մոտիվացնել աշակերտին սովորելու, պատրաստել նրանց մեծ կյանք մուտք գործելու և ինքնադրսևորվելու համար»:

Նա նաև նշում է, որ ուսուցչի մասնագիտությունը կարիք ունի պետության ու հասարակության կողմից վերարժևորվելու. «Չգնահատվածության խնդրի առկայության ցուցիչը կարող է լինել միայն այն, որ այսօր տարբեր ոլորտներ լավագույն մասնագետները, ցավոք սրտի, խուսափում են ուսուցիչ աշխատելուց։ Սրան զուգահեռ պիտի նշեմ, որ իր կոչման մեջ զորացած, նվիրյալ ուսուցիչը չգնահատված լինելուց, կարծում եմ, չի խոսի, քանի որ միակ գնահատականը համարում է աշակերտների կողմից տրվածը, մեծագույն ձեռքբերումները իր աշակերտների հաջողությունները»։

Ամեն ինչ անցնում է, ուսուցիչներն էլ են փոխվում. կյանքն է նաև սովորեցնում, բայց ուսուցչի տված լավ դասը երբեք չի մոռացվում, բնավորություն է ձևավորում, բացթողումն էլ՝ հետևում է և ժամանակ առ ժամանակ ստիպում, որ սայթաքես:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*