«Ուսուցչի առաքելությունը գիտելիքների փոխանցմամբ չի սահմանափակվում»

«Մենք նաև արժեհամակարգ ենք ձևավորում»
usucich

«Այն, որ այսօր ներկա և նախկին աշակերտներս գալիս են, զանգահարում  ու շնորհավորում տոնի առթիվ, դրանից լավ բան չկա, օրվա խոհրդի էությունը հենց սա է: Կարծում եմ՝ ուսուցչի հպարտությունը երախտագետ աշակերտների բանակն է»,- yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ.150 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գոհար Հովհաննիսյանը:

Վերջինս իրեն ինչ-որ չափով բավարարված է զգում, երբ տեսնում է, որ իր աշակերտներն առաջնորդվում են մնայուն արժեքներով և երկրին պիտանի քաղաքացիներ են: «Ապրիլյան պատերազմին սահմանում կանգնած տղաների շարքերում էին նաև աշակերտներս, որոնց մեջ դպրոցական տարիներին սերմանվել էին հայրենասիրական արժեքներ: Հաղթանակի և հպարտության զգացումներ եմ ունենում, երբ տեսնում եմ՝ ինչպիսի գաղափարների տեր են աշակերտներս»:

Ըստ Գ. Հովհաննիսյանի՝ ուսուցչին շատ բան պետք չէ: «Մենք աշխատել ենք և′ ցածր աշխատավարձով, և′ հիմա: Եթե ուսուցչի աշխատավարձը բարձրացնեն, չի նշանակում, որ նա սկսելու է ավելի լավ աշխատել, ո′չ, նա գործելու է նախկինի պես:

Ուսուցչին քարկոծում են, վարկաբեկում… Եթե մարդն էությամբ ուսուցիչ է, ապա անկախ ամեն ինչից նա իր գործն անելու է»:

Գոհար Հովհաննիսյանը գտնում է, որ ուսուցչի առաքելությունը միայն գիտելիքներ փոխանցմամբ չի սահմանափակվում. «Մենք նաև արժեհամակարգ ենք ձևավորում: Չկա ուսուցիչ, որ մտնի դասարան ու աշակերտի հետ այդ մասով չաշխատի: Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, համալսարան… Սրանցից յուրաքանչյուրն առանցքային դեր ունի անհատի ձևավորման գործում: Եթե նշածներիցս ամեն մեկն իր հերթին ճիշտ հետք թողնի, ապա մարդը կձևավորվի և կկայանա որպես անհատ»:

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*