Սողոմոն Թեհլերյանի 120 ամյակին նվիրված միջոցառում՝ Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի սաների մասնակցությամբ

Դպրոցի ուսուցիչների կարծիքով՝ նման միջոցառումները կարեւոր են այսօրվա սերնդի դաստիարակության համար:

«Սողոմոնն իմ վրեժը լուծած է. ան ինձի համար սպանած է». այս տողերը տասնյակ անգամ հնչեցին Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բեմում: Միջոցառումը նվիրված էր Սողոմոն Թեհլերյանի 120 ամյակին:

Դպրոցը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, սակայն այս մեկը տարբերվում էր մյուսներից՝ երեխաներն ուսումնասիրել էին Ցեղասպանությունն իրականացնողներից մեկի` Թալեաթ փաշայի սպանության պատմությունը: Արդեն հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպող հիմնական մեղավորները` Թալեաթը, Ջեմալն ու Էնվերը, հետագայում սպանվել են հենց հայերի կողմից: Հենց այդ վրեժխնդրությունն էր որ առաջին անգամ աշխարհին ստիպեց խոսել Հայերի ցեղասպանության մասին:

Դպորցականներն ուսումնասիրելով հայ ժողովորդի նորագույն պատմության այդ էջը` առանձնացրել էին Սողոմոն Թեհլերյանի դատավարության պատմությունը: Այն մի յուրօրինակ աղմուկ էր Եվրոպայում, երբ առաջին անգամ պատմության մեջ թվացյալ ոճրագործը վկաների պատմությունների ճնշման տակ դարձավ տուժող եւ թվացյալ տուժողը` զոհը դարձավ մեղադրյալ: Այդ տարիների մամուլը նկարագրելով Սողոմոն Թեհլերյանի գործողությունը, նրան ներկայացնում էր ոչ թե որպես մարդասպան, այլ սարսափելի մի ոճրագործության վրիժառու:

Դպրոցի միջոցառման հեղինակի խոսքով, վերջին օրերին քաղաքապետարանը շատ դպրոցների է առաջարկել Սողոմոն Թեհլերյանին նվիրված միջոցառումներ կազմակերպել: Թեման շատ հոգեհարազատ էր ուսուցչուհուն եւ, հատկապես այս օրերին, գործադրել էր բոլոր ջանքերը, որպեսզի պատվով կատարի նախաձեռնած գործը, որպեսզի երեխաներն ամենայն մանրամասնությամբ պատկերացնեն գործողության նպատակը, հետեւանքները եւ այդ օրերի իրավիճակը:

Դպրոցի ուսուցիչների կարծիքով՝ նման միջոցառումները կարեւոր են այսօրվա սերնդի դաստիարակության համար: Նրանց կարծիքով աշակերտները պետք է ճանաչեն իրենց հորոսներին ու լավ իմանան պատմությունը:

 

*

*