Դպրոցների օպտիմալացումից մի քանի հարյուր մարդ կկրճատվի

«Խոսակցությունները, թե իբր 8000-9000 հազար ուսուցիչ է կրճատվելու, իրականությանը չեն համապատասխանում»։
Levon-mkrtchyan
Լուսանկարը՝ Photolure-ի

Ամբողջ հանրապետությունում դպրոցների օպտիմալացումից մի քանի հարյուր մարդ կկրճատվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Այն խոսակցությունները, թե իբր 8000-9000 հազար ուսուցիչ է կրճատվելու, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք դեռ ինքներս հստակ չգիտենք, դեռ հաշվարկներ ենք անում, ուսումնասիրում, բայց հաստատ այդքան մեծ թվեր չեն լինի։ Երևան քաղաքի դպրոցների 30 տոկոսը գերբեռնված է և մոտ այդքան էլ թերբեռնված։ Դպրոցներ կան, որտեղ աշակերտները երեք հերթով են սովորում։ Եթե մեր կրթական քաղաքականությունը հանգի նրան, որ դպրոցները սկսեն աշխատել մինչև մոտավորապես ժամը 4-ը, չեմ կարծում, որ մեծ թվով ուսուցիչների կրճատումներ կլինեն։ Մենք փորձում ենք ավելի հավասարաչափ բաշխել և ունենալ դպրոցների զարգացման ավելի համալիր ծրագիր»,- նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով Երևանում, նույն թաղամասում կան միմյանցից մի քանի մետր հեռավորությամբ տեղակայված դպրոցներ, որոնցից մեկում սովորում է 40 աշակերտ։ Այս դեպքում, եթե դպրոցներից մեկը փակվի, բոլոր ուսուցիչների հարցերը կփորձեն կարգավորել՝ աշխատանք չապահովելու դեպքում նրանց փոխհատուցում կտրամադրվի։ Նախարարի խոսքով՝ դպրոցների փակվելու դեպքում սա կարևոր նախապայմաններից մեկն է։
«Մենք այժմ մշակում ենք Հայաստանի Հանրապետության դպրոցական համակարգի զարգացման համալիր ծրագիրը, որի նպատակակետը պետք է լինի, որպեսզի մեր հիմնական դպրոցները ծանրաբեռնված լինեն 300 աշակերտի շրջագծով։ Սա այն մինիմալ թիվն է, որի պարագայում դպրոցը լիարժեք կաշխատի։»,- տեղեկացրեց Լևոն Մկրտչյանը։

Ավագ դպրոցների վերաբերյալ նա նշեց, որ այստեղ խոսքը կարող է լինել 150 աշակերտ ունենալու մասին։ Նրա խոսքով՝ այսպիսի պատկերի դեպքում ծնողներն էլ վստահ կարող են լինել, որ որակ կլինի դպրոցում և ուսուցիչներն էլ կկարողանան մեկ դրույքով աշխատել։

*

*