Արայիկ Հարությունյանը կարծիքներ է հավաքում դպրոցներում հեռախոս կիրառելու արգելքի մասին

«Կցանկանայի այս գրառման տակ գրեիք Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ»
dproc-heraxos

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում հեռախոսների և հաղորդակցության այլ միջոցների կիրառումն արգելելու վերաբերյալ ստացվող նամակներին և խնդրել է հնչեցնել կարծիքներ այդ առաջարկի վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում՝ տարրական և միջնակարգ դպրոցում: Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ: Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ հեռախոսների օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով: Կցանկանայի այս գրառման տակ գրեիք Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ»,-ասված է նախարարի գրառման մեջ:

Ի պատասխան նրա գրառման՝ որոշ օգտատերեր համաձայնել են առաջարկի հետ, ոմանք էլ պատրաստակամություն հայտնել կիսվելու իրենց գաղափարներով, թե ինչպես կարելի է նորագույն տեխնոլոգիաների միջոցով հետաքրքրացնել դասապրոցեսը:

*

*