«Դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների դեմ պետք է լուրջ պայքար տարվի»

Դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունները ՔԿՀ-ների թիվ մեկ խնդիրն է:
bant

Հայաստանում դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների դեմ պետք է լուրջ պայքար տարվի:

Հունվարի 19-ին «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում»  թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

«Դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունները ՔԿՀ-ների թիվ մեկ խնդիրն է: Երբեմն նույնիսկ ՔԿՀ-ների որոշ աշխատակիցներ դրական են համարում այդ հարաբերությունների առկայությունը՝ պնդելով, որ նման կերպ կարողանում են վերահսկողության տակ պահել ամբողջ քրեակատարողական հիմնարկը: Կարծում եմ, ժամանակն է եկել մշակել հատուկ հայեցակարգ հիերարխիկ հարաբերությունները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև չգրված օրենքները կոտրելու ուղղությամբ, որը շատ մեծ խնդիրներ է ծնում»,- ասաց Ռևազյանը:

Քրեակատարողական հիմնարկներում խցերի պայմանների հետ կապված՝ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ էական տարբերություն չկա:

«Հիմնական խնդիրը «Նուբարաշենի» գերբնակեցման հարցն է: Այս պահի դրությամբ 8 հոգու համար սահմանված խցում կարելի է տեսնել մինչև 15 անձի: «Նուբարաշենում» պահպանման պայմանների հետ կապված այլ խնդիր կա, մասնավորապես, առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: Թեև անցած տարի կային խցեր, որոնք տեղափոխվեցին, սակայն  դեռևս օգտագործվում են պատժախցերը, կարանտինային խցերը, ինչպես նաև հացադուլ հայտարարած անձանց նույնպես տեղափոխում են առաջին հարկ»-, նշեց Ռևազյանը:

*

*