Դիմորդներն օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատականներ ստացել, քան հայերենից

...հայոց լեզու առարկայի դասաժամերն են կրճատվել

Գնահատման և թեստավորման կենտրոնը միասնական քննություններն անցկացրել է ընդունելության կարգի պահանջներին համապատասխան, արտառոց ոչինչ չի եղել:

Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական փուլի մրցույթի արդյունքները տրամադրել են բուհերին, վերջիններս էլ տեղադրել են իրենց կայքերում։

«Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը, ինչը փոքր ցուցանիշ չէ: Պատճառները տարբեր են, մի կողմից՝ հայոց լեզու առարկայի դասաժամերն են կրճատվել: Ուսուցիչը երբեմն ստիպված է լինում բարդ թեման կարճ ժամկետում անցնել: Ինքս եղել եմ ուսուցիչ, և եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, ապա այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ։ Սա լուրջ խնդիր է և լուրջ քննարկման նյութ»,-ասաց Կարո Նասիբյանը։ Նրա կարծիքով, կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա այս հարցին։ Անհրաժեշտություն կա ուշադրություն դարձնել հայոց լեզվի իմացությանը:

«Չի կարող լինել այնպես, որ երեխան 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի, և հետո ստուգենք ու ասենք, թե դուք անբավարար գիտելիք ունեք հայերենից։ Սա անհեթեթություն է: Այսօր քննական արդյունքները ցույց են տալիս, որ մեր դիմորդները օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատական ստացել, քան հայերենից: 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162-ը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա տեղեկություն հաղորդեց լրացուցիչ մրցույթի փուլի մասին: Հիմնական փուլն ավարտվելուց հետո, եթե այս կամ այն առարկայից դրական միավոր ստացած դիմորդը դուրս են մնացել հիմնական մրցույթից, ապա իրավունք է ստանում մասնակցել լրացուցիչ փուլին, որի մեկնարկը տրվել է հուլիսի 16-ին, ավարտվելու է հուլիսի 21-ին:

*

*