Նարեկ Բաբայանը հաստատում է․ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին տրված տարածքը վաճառվելու է

«Վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան պայմաններով տարածք, որից հետո տեղափոխվի»։
narek-babayan

Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերևի հարկում՝ 3 ննջասենյակ։ Դրանք ևս փակի տակ են: Կա նաև կենտրոնական մասնաշենքն ու սպորտային համալիրը։ Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի օգտագործվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Թեև վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ», — ասել է նա։

Հարցին՝ իրենք առաջարկություններ են պատրաստում, որպեսզի հյուրանոցային հատվածն առանձնացվի՞, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ այն առանձնացնել հնարավոր չէ։

«Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Համենայնդեպս, վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որևէ շահույթ չստանա։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է», — ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ նշված շինարարության հետ կապված 3 քրեական գործ կա, և ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել։

«Վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան պայմաններով տարածք, որից հետո տեղափոխվի։ Մենք բաց գործելաոճ ենք որդեգրել և որևէ գործարք լինելու է մրցութային», — ասել է Բաբայանը։

*

*