«Նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են». Է. Մարուքյան

Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են, իսկ դեղի մանրածախ առևտրով զբաղվողներն այլևս զրկվելու են դեղ ներմուծելու հնարավորությունից...
degh-orenq

Hetq.am-  Երեկ Ազգային ժողովում բուռն քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և կից օրենքների փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագծերը: Նախագծերը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ աողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 1998թ., ներկայում չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը: Ըստ կառավարության՝ հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում օրենքի կիրառման ընթացքում վեր հանված բազմաթիվ խնդիրները, բացթողումները, նոր առաջացած հարաբերությունների հրատապ կարգավորման անհրաժեշտությունը, կարիք է առաջացել նոր օրենքի մակարդակով կարգավորել դեղերի շրջանառության բնագավառում ծագող հարաբերությունները, սահմանել ոլորտի առավել կարևոր հասկացությունները և դրանց ներդրման հիմնական սկզբունքները, մեխանիզմները:

Ըստ այդմ՝ նախագծով դեղերի մեծածախ իրացման համար սահմանվում է լիցենզավորման պահանջ: Դեղ արտադրող է համարվելու դեղերի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը: Առաջարկվում է լրացնել  լիցենզիայի կասեցման հիմքերը: Մասնավորապես՝ առաջարկվում է լիցենզիայի կասեցման հիմք սահմանել լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտումը, որն ուղղակի կամ անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար:

Նախագծի հեղինակ կառավարության կարծիքով, այս դրույթի սահմանումը հնարավորություն կտա առողջապահության ոլորտում լիցենզավորման ենթակա գործունեության զբաղվողների լիցենզիաները կասեցնել բոլոր այն դեպքերում, երբ դրանց գործունեության ընթացքում հայտաբերված խախտումները ռիսկեր են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար:

Փաթեթային լուծմամբ սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար: Ներկայումս սահմանված է քրեական պատասխանատվություն միայն պատրաստման համար: Օրենսդրական փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ  առաջացրել մարդկանց մահ:

Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ նախագծով սպառողների շահերի առավելագույն պաշտպանություն ապահովելու նպատակով սահմանվել է դեղերի փաթեթավորման, մակնշման, պիտակավորման պահանջներ՝ ներառյալ հայերեն-ներդիրի առկայության պահանջը:

Նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրականում շատ կարևոր օրենքի նախագիծ է քննարկվում, սակայն պատգամավորը տեղեկություն ուներ, որ փոքր դեղատները կամ դեղերի մանրածախ առևտրով զբաղվողները դժգոհ են օրենքի այս նախագծից: Նրանք պնդում են, որ այս նախագծով ավելի լավ է ամրացվում և ավելի լավ ու բարձր հիմքերի վրա են դրվում Հայաստանում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան: Պատգամավորի ասելով՝ դժգոհություններ կան նաև, որ շատացել է բյուրոկրատիան, ինչը մեծացնում է կոռուպցիոն ռիսկը: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը ոլորտի մասնագետ չէ, ընդամենը քաղաքացիների բողոքի ձայնն է բարձրացնում:

«Հիմա այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում դեղի գները կարո՞ղ են էժանանալ և հասնել այն գներին, ինչն առկա է Վրաստանում: Սրա մասին շատ ենք խոսել: Ես մարդիկ գիտեմ, որ իրենց հիվանդին թողած Թիֆլիս են գնում, որ դեղ առնեն»,-ասում է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, թե ինչ է պատահել, որ Հայաստանում դեղերը թանկ են, ավելին՝ դեղ կա, որ կրկնակի թանկ է:

Պատգամավորը տեղեկություններ ուներ, որ նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են, իսկ դեղի մանրածախ առևտրով զբաղվողներն այլևս զրկվելու են դեղ ներմուծելու հնարավորությունից:

Է. Մարուքյանը հիշեց, որ փաստաբան աշխատած տարիներին առնչվել է քննարկվող ոլորտում մասնագիտացված «Սզնի» ՍՊԸ-ի պատմությանը: Վերջիսն մասնակցել էր հիվանդանոցում հայտարարված «Ցեֆտրիաքսիոն» դեղի մատակարարման մրցույթին և հաղթող էր ճանաչվել: Մրցույթին մասնակցել է նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը և պարտվել: Փոխարենը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմը» պահանջվող ամբողջ խմբաքանակ «Ցեֆտրիաքսիոն» դեղը նվիրել էր հիվանդանոցին, իսկ հիվանդանոցը «Սզնիին» ասել էր՝ «կներեք, դուք տենդերը շահել եք, բայց պայմանագիր չեմ կնքում ձեզ հետ»: Իսկ «Սզնի» ընկերությունն այդ դեղն արդեն ներկրել էր:

«Տեսեք քանի տարվա խնդիր եմ ասում: Հիմա մենք Վանաձորի «Սզնի» ընկերությանն ասում ենք, որ դու այլևս դեղ չներմուծես: Այն ժամանակ ասում էին՝ ներմուծի, մենք կնվիրենք դեղերը դու չես կարող վաճառել ու մարդուն բանկրոտ կանենք, հիմա ասում ենք՝ դու ընդհանրապես չներմուծես, որովհետև ներմուծողները կներմուծեն, դու գործ չունես, դու ով ես, որ ներմուծես: Մենք դա անում ենք օրենքով»,-մտահոգություն հայտնեց պատգամավորը, հավելելով՝ «ստեղ էլ են թուրքերը մեղավո՞ր»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը երկրորդ ընթերցման փուլում է, մեծ հաշվով այս քննարկումը բան չի փոխելու, բայց եթե կա քաղաքական կամք, իրենք կներկայացնեն առաջարկներ, որպեսզի հետո, ասենք՝ մեկ շաբաթից փոփոխություն կատարեն օրենքում:

Վիրահատության ժամանակ հիվանդը բժիշկներից շատ է խոսում. դեղը չի ցավազրկում, չի քնեցնում

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ Հայաստանից ով գնում է արտերկիր հարազատները, հարևանները սկսած ցավազրկող էլեմենտար դեղերից խնդրում են, որ հետը 1-2 տուփ դեղ բերի: Ըստ պատգամավորի՝ խոսքը դեղերի որակի մասին է և դա բոլորը գիտեն:

Շարունակությունը՝ այստեղ

*

*