Դեղատան աշխատակիցը ենթարկվել է ավազակային հարձակման

Բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։  Այս մասին տեղեկացնում են  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա  տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

*

*