Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց

Այն կապահովի անընդհատ երթեւեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:

Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց հուշագրի ստորագրումով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ կապալառուների հետ պայմանագրի ստորագրված մեկ օրինակը տեղադրվեց կառուցվելիք ճանապարհի հիմքում ու տրվեց շինարարական աշխատանքների մեկնարկը:

Դավթաշեն -Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակի՝ Երեւանի արեւմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն: Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջեւ եւ կապահովի անընդհատ երթեւեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:

Նոր ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսվա ընթացքում, ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովեն լուսադիոդային լուսատուներով:

Տարոն Մարգարյանի խոսքով՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը կշարունակվեն նաեւ առաջիկա տարիներին, կընդգրկեն քաղաքի այլ վարչական շրջաններ եւս, ընդհանուր առմամբ 23 կմ շրջանցիկ ճանապարհ, որը կձգվի Արտաշատի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի:

*

*