Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու անհրաժեշտությունը

Կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
pn-nist

ՀՀ պաշտպանության նախարարությունում փետրվարի 11-ին կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:

Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը, դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի գործունեության արդունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ առաջիկայում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները