Դավիթ Լոքյանն ու Արմեն Ամիրյանը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի մասին

Գառնու համայնքապետարանը թույլ չի տվել «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում շինարարություն իրականացնել։
qareri-simfonia

Գառնու համայնքապետարանը թույլ չի տվել «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում շինարարություն իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում շինարարություն սկսելու աղմուկ հանած խնդրին։

«Իհարկե, դա մեր ոլորտային ծրագիրը չէ, բայց մենք իրազեկված ենք՝ ծրագիրը նախկինում անցել է նախարարությունով։ Կարծում եմ, որ եթե այդ կառույցը նույնիսկ ժամանակավոր է և ապօրինի է կառուցված, մենք մեր համայնքապետին և մարզպետին համապատասխան ցուցում ենք տալու, որպեսզի այն ուսումնասիրվի»,- ընդգծեց նախարարը։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե համայնքը համաձայն չէ, որպեսզի հուշարձանը միացվի Խոսրովի արգելոցին, որով կարելի էր հուշարձանն ավելի խիստ պահպանության ռեժիմի տակ դնել, Լոքյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, դա լավ բան է։

«Ընդհանուր տեսանկյունից դա լավ բան է, որ մենք ունենք տիրույթ, որտեղ խստացված է պահպանությունը, բայց մենք պետք է գտնենք նաև այնպիսի ձևաչափ, որպեսզի համայնքի եկամուտ ունենալու հնարավորությունները չփոքրացնենք»,- ասաց ՀՀ ՏԿԶ նախարարը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր հերթին անհանգստությունն է հայտնել բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Լրագրողների հետ հանդիպմանը Ամիրյանն ասաց, որ  ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ մի առնչություն չունի այդ կառույցի թույլտվության հետ, քանի որ «Քարերի սիմֆոնիա»-ն բնական, ոչ մշակութային հուշարձան է:

Փետրվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են բնական հուշարձան համարվող Գառնու կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ կատարվող շինարարական աշխատանքի մասին։

*

*