ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել:

*

*