«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում եւս 33 մասնագետ կմեկնի հեռավոր մարզեր

Դիլիջանի միջազգային քոլեջում այսօր տրվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի 2016 թվականի մասնակիցների առաքելության մեկնարկը։

Դիլիջանի միջազգային քոլեջում այսօր տրվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի 2016 թվականի մասնակիցների առաքելության մեկնարկը։ Հանդիսավոր արարողությունից հետո 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում։

Նրանք միանալու են երիտասարդ 14 այն մասնագետներին, որոնք արդեն 1 տարի դասավանդում են Հայաստանի տարբեր մարզերի համայնքների դպրոցներում։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչանը նույնպես ներկա է եղել միջոցառմանը։

Զինա Ղուկասյանն արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում։ Սեպտեմբերից էլ եւս մեկ տարի շարունակելու է դպրոցում աշխատանքը։ Մասնակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, իր խոսքով, մեկ նպատակով՝ կրթության նկատմամբ այսօրվա աշակերտների վերաբերմունքը պետք է փոխել։

«Այժմ տեսնում եմ իմ աշակերտների մեջ հստակ փոփոխություններ։ Մտածելակերպն է փոխվել, խանդավառված են, սիրում են իրենց համայնքը, իրենց հայրենիքը»։

«Դասավանդի՛ր, Հայաստան» եւ «Աշխարհի դպրոցներ-Հայաստան» բարեգործական հիմնադրամները 2016 թվականին միավորել են ջանքերը՝ յուրաքանչյուր երեխայի համար մատչելի եւ հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով։ 14 երիտասարդ մասնագետներ արդեն եղել են Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կարծիքով, բացի զուտ ուսուցչական առաքելությունից, երիտասարդները կատարում են շատ մեծ քայլ՝ հայկական իրականության մեջ ցույց տալով, որ մեր երիտասարդները նույնպես կարող են գնալ ծառայելու ժողովրդին եւ օգնելու այն տարածքներին, որտեղ դրա կարիքը կա:

«Սա շատ կարեւոր սկզբունք է: Դժվարություններ կլինեն, իհարկե, բայց այն, որ այդպիսի երիտասարդների թիվը բազմապատկվում է, նշանակում է՝ մեզ մոտ սկսվում է մի շարժում, որն իր մեջ շատ խորը հենք ունի՝ դա մեր ժողովրդի նվիրվածությունն է կրթությանը եւ հաջորդ սերնդին դաստիարակելու պատրաստակամությունը»:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը համագործակցում է Հայաստանի մարզերի 39 դպրոցների հետ։ Մինչեւ մարզերի դպրոցներում աշխատանքի մեկնելը՝ երիտասարդ մասնագետները կմասնակցեն «Ամառային ինստիտուտ 2016» վերապատրաստման վեցշաբաթյա ինտենսիվ դասընթացին, որի նպատակն է մասնակիցներին նախապատրաստել իրենց երկամյա դասավանդման հանձնառությանը։

*

*