Երկու անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 18-ամյա երիտասարդի

Հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն»-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել․․․
danakaharutyun

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ «համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, արյունահոսող, կրծքավանդակի և որովայնի խոռոչ թափանցող վերք՝ ստոծանու աջ գմբեթի և լյարդի աջ բլթի վնասումով» իրենց մոտ բուժօգնության է դիմել պատանի՝ ծնված 2004թ., իսկ րոպեներ անց նույն ԲԿ է տեղափոխվել նաև 2003թ. ծնված մեկ այլ դպրոցահասակ տղա՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների հատման վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ պատանիներն ստացել են վերոնշյալ վնասվածքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանը, առգրավվել են բժշկական կենտրոն ընդունվելու պահին տուժողների հագին առկա հագուստները՝ վնասված հատվածներով և արյան հետքերով, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են տուժողները և մի շարք վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ:

Բուժօգնության դիմած անձանց ստացած մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը, վաղեմությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով:

 Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

*

*