Հռոմի պապի այցը Հայաստան լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջեւ. գրում է daily mail-ը

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապի` հունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին...
Hromi-pap-ayc

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապի` հունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին` նշելով, որ այդ փաստը լարվածություն կառաջացնի ու վատ կանդրադառնա Հռոմի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների վրա:

Հրապարակման մեջ հիշեցվում է, որ անցած տարի Հռոմի պապը հրապարակայնորեն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը:

«Իր եռօրյա այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև»,-գրում է պարբերականը` հիշեցնելով, որ անցած տարի Թուրքիան բողոքի նոտա էր հղել Վատիկանի դեսպանին` Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ:

*

*